Վրաստանին ԱՄՆ օգնության ծավալները կվերանայվեն. Միլլերը՝ Վրաստանի դեմ պատժամիջոցների մասին

Միացյալ Նահանգները կարող է վերանայել իր օգնությունը, որ ցուցաբերում է Վրաստանին՝ կապված վիճահարույց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման և երկրի հակաարևմտյան շրջադարձի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

 

Միլլերին հարցրել են, թե ինչպես է Միացյալ Նահանգները ծրագրում շարունակել հարաբերությունները Վրաստանի հետ՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և իշխող կուսակցության քաղաքական գործիչների բացահայտ ոչ բարեկամական հայտարարությունները։

 

Պետդեպի ներկայացուցիչն ասել է, որ ինքը զուսպ կլինի իր պատասխանում, քանի որ Վրաստանի հետ հարաբերությունների վերանայումը, որը ներկայումս ընթանում է Պետդեպարտամենտում, կարող է նշանակել քաղաքական լուրջ փոփոխություններ:

 

«Խոսքը, մասնավորապես, այն օգնության ծավալների մասին է, որը մենք տրամադրում ենք Վրաստանին. վերջին մի քանի տարիների ընթացքում մենք բյուջեով հատկացրել ենք մոտ 390 մլն դոլար, այն այժմ վերանայվում է։ Խոսքը պոտենցիալ պատժամիջոցների, վիզային սահմանափակումների մասին է, որոնց մասին մենք հայտարարել ենք երկու շաբաթ առաջ: Այժմ մենք ուսումնասիրում ենք, թե ինչ անել, ինչպես և երբ դա անել»,- ասել է Միլլերը։